
Էլ ի՜նչ SEO, ի՜նչ կայք, ի՜նչ թվային մարքեթինգ, հիմա դրանց կարիքը չկա, ամեն բան ԱԲ-ն է անում․ այս արտահայտությունը լսում ենք հաճախ, իսկ թե ումից՝ կասեմ վերջում :)
Երբ արհեստական բանականության հետ զրույցները դարձան բոլորին հասանելի, շատերն շտապեցին հայտարարել, որ SEO-ի վերջը եկել է, քանի որ մարդիկ արդեն չեն որոնում Google-ում, իրենց բոլոր հարցերի պատասխաններն ստանում են ԱԲ զրույցներից։ Այստեղ ճշմարտության մաս կար, իհարկե․ երկար-բարակ ուսումնասիրություններ անել չսիրող, ամեն ինչի հեշտ ու արագ տարբերակը փնտրող մարդիկ դադարեցին որոնել և գտնել անհրաժեշտ ինֆորմացիան․ և ինչո՞ւ չարչարվել, եթե կարելի է հարցնել ու անմիջապես ստանալ պատասխանը։ Այսպիսով, որոնողների որոշակի զանգված որոնման համակարգերից տեղափոխվեց ԱԲ հարթակներ, և դա մենք զգացինք մեր կայքերի այցելությունների թվի պակասից՝ այն դեպքում, երբ ցուցադրություններն ու դիրքերը պահպանվում էին ու շարունակում աճել։ Բայց այստեղ կա մի հարց․
Որտեղի՞ց գիտի արհեստական բանականությունը այդ ամենի պատասխանը:
Ահա այստեղ է թաքնված ամենահետաքրքիր մասը։
Արհեստական բանականության «գիտելիքների» աղբյուրներից մեկը հե՛նց կայքերն են, և ոչ թե պարզապես կայքերը, այլ՝ նրանք, որոնք ունեն բարձր դիրքեր ու հեղինակություն որոնման համակարգերում, ասել է թե՝ SEO-ի մատը խառն է․․․
Եվ նախքան ի հայտ կգային օպտիմալացման նոր ուղղությունները, որոնք տարբեր անուններ ստացան՝ GEO, AIO, AEO, LLMO, լավ SEO օպտիմիզացված կայքերն արդե՛ն իսկ ցիտվում էին ԱԲ զրույցներում, և դա տեսել ենք անձամբ թե՛ մենք, թե՛ մեր գործընկեր-հաճախորդները։
Իսկ ինչ վերաբերում է GEO, AIO, AEO, LLMO նոր ու գրավիչ տերմիններին՝ որպես գաղտնիք ասեմ, որ դրանց մեջ նորությունը քիչ է․ հիմնական պահանջները դասական ու ավանդական SEO օպտիմալացման պահանջներն են, և այլն կայքերը, որոնք ժամանակին տեղը տեղին օպտիմալացվել են, առանց GEO, AIO, LLMO փաթեթավորումների էլ ցիտվում են արհեստական բանականության կողմից։
Այսպիսի բաներ )))
Ինչ վերաբերում է ամենասկզբում ասածիս՝ շտապողական արտահայտություններ անում են երևույթը հանգամանալից չուսումնասիրող, շտապող մարդիկ, իսկ ԱԲ-ն հիանալի գործիք է նաև ինձ նման մարդկանց՝ կայքերի ու SEO մասնագետների համար, և ոչ թե վնասում, այլ հիանալի կերպով օգնում է մեզ, և մենք օգտագործում ենք նաև բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են նոր օրերի՝ GEO, AIO, LLMO օպտիմիզացիայի համար ;)


