2019թ. Google-ը թարմացրեց որոնման արդյունքների տեսքը բջջային տարբերակում: Այս շաբաթ ընկերությունը որոնման արդյունքների փոփոխություն է կատարել desktop տարբերակում: Նոր դիզայնն արդեն մասամբ հասանելի է հայաստանյան օգտատերերին: Ենթադրվում է, որ ամբողջական թարմացումը հասանելի կլինի Google-ի օգտատերերին մինչև շաբաթվա վերջ:
Google-ի օրգանիկ որոնման արդյունքների նոր տեսքը
Նախկինում օրգանիկ որոնման արդյունքներում կայքի ֆավիկոնը ( փոքր լոգոն) չէր ցուցադրվում: Այն տեսանելի էր միայն կայքը բրոուզերում բացելուց հետո՝ բրոուզերի վերին հատվածում:
Այժմ օրգանիկ որոնման արդյունքների ցուցադրման ժամանակ ֆավիկոնը երևում է նաև կայքի սնիպպետում՝ կայքի հղումից առաջ:
Միաժամանակ, նախկին տարբերակի դեպքում կայքի հղումը գտնվում էր վերնագրից (Meta title) հետո, իսկ այժմ էջի URL-ը գտնվում է վերնագրի վերևում, ֆավիկոնից հետո:
Որոնման արդյունքների փոփոխություն Google գովազդի արտաքին տեսքում
Google-ը փոփոխել է նաև որոնման արդյունքների տեսքը կոնտեքստային գովազդի ցուցադրման դեպքում: Նախկինում գովազդի նշումը վանդակի մեջ էր և բաց երանգով: Այժմ այն տեքստի տեսքով է և ավելի նկատելի՝ մուգ գույնով ու հաստ տառաչափով:
Արդյո՞ք Google-ի որոնման արդյունքների նոր ինտերֆեյսը կազդի կայքի այցելությունների վրա: Հետևե՛ք ձեր կայքի դիտումներին և փորձեք վերլուծություններ անել: