Նույնիսկ լավագույն SEO լուծումներ ունենալը դեռ բավական չէ որոնողական համակարգերում դասակարգվելու համար: Այսօր որոնողական համակարգերի ալգորիթմները հաշվի են առնում ավելի քան 200 գործոն, ուստի գրեթե անհնար է լիովին օպտիմալացնել վեբ կայքը և բովանդակությունը յուրաքանչյուր գործոնի համար, սակայն կան ցուցանիշներ, որոնք շատ կարևոր են կայքի առաջխաղացման և որոնման արդյունքներում (SERP) հայտնվելու համար:
Ո՞ր ցուցանիշներն են ազդում կայքի առաջխաղացման վրա
1. Domain authority (DA)
Գուգլի տեսանկյունից Domain authority-ն կայքի հեղինակությունն է: Որոնողական համակարգը դիտարկում է ձեր կայքի հեղինակությունը (DA)՝ համոզվելու համար, որ ձեր կայքում գտվող բովանդակությունը համապատասխանում է ընթացիկ որոնվող թեմային: Այս ցուցանիշը սահմանվում է Moz կազմակերպության կողմից՝ 1-100 բալային սանդղակով:
Վեբ կայքերի հեղինակությունը հաշվարկելու համար Moz-ն ունի ավելի քան 40 գործոն՝ հիմնական հղվող դոմեններից մինչև ներգնա հղումների ընդհանուր քանակը: Մեծ քանակությամբ բարձրորակ ներգնա հղումներ ունեցող կայքերը, ինչպիսին Վիքիպեդիան է, ունեն DA ամենաբարձր ցուցանիշ:
Քիչ քանակությամբ հղումներ կամ առանց հղումների նոր կայքերը սովորաբար ունենում են ցածր հեղինակություն:
2. Page authority (PA)
Այն Moz-ի կողմից սահմանված ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե կայքի կոնկրետ էջը որքանո՞վ է համապատասխանում որոնման արդյունքներում ցուցադրվելու համար: Էջի հեղինակության գնահատականը ևս տատանվում է 1-100 բալի սահմաններում և ձևավորվում է բազմաթիվ գործոնների հիման վրա: Գործնականում ավելի հեշտ է PA-ն 20-ից հասցնել 30-ի, քան օրինակ՝ 70-ից 80-ի: Page Authority- ի հաշվարկման համար օգտագործվող ալգորիթմները պարբերաբար թարմացվում են և կայքի այս ցուցանիշը ժամանակ առ ժամանակ կարող է տատանվել:
Domain authority և Page Authority ցուցանիշներ կարելի է ստուգել տարբեր գործիքներով, օրինակ՝ moz.com կայքում:
3. Ինդեքսավորված էջերի քանակը
Իհարկե, ինդեքսավորված էջերի քանակը ավտոմատ կերպով չի ազդում կայքի վարկանիշի բարձրացման վրա: Այսինքն՝ ուղղակի միայն մեծ կայքը չի նշանակում բարձր վարկանիշ: Սակայն շատ ինդեքսավորված էջեր ունենալը հանգեցնում է ռոբոտների կողմից կայքի ավելի խորը վերլուծության: Դա նաև պայմանավորված է նրանով, որ ավելի շատ արտաքին հղումներ կարող են մատնանշել ձեր կայքը:
Միաժամանակ, կայքում շատ էջերը ունենալը ենթադրում է ավելի շատ առաջարկներ, ավելի շատ բովանդակություն և հետևաբար ավելի շատ դիտումներ:
4. Կայքի արագությունը
Գաղտնիք չէ, որ ներկայումս կայքի արագությունը դարձել է նրա ամենակարևոր հատկանիշներից մեկը: Կայքի արագության բարելավումը կարևոր է այնքանով, որ այժմ Google PageSpeed-ի ցուցիչները հաշվի են առնվում որոնողական համակարգերի կողմից՝ որոնման արդյունքներում ձևավորման համար:
Բացի դրանից, որքան մեծ է կայքի բեռման արագությունը, այնքան բարձր կարող է լինել կոնվերսիան և հետևաբար կայքից ակնկալվող եկամուտը: Ընդ որում, առանձնացվում են Mobile speed և Desktop speed ցուցանիշներ՝ կայքի բեռնման արագություն համապատասխանաբար հեռախոսով և համակարգչով այցելությունների ժամանակ: Կայքի արագության վրա ազդում են տարբեր գործոններ` սկսած կայքում տեղադրված նկարների ծավալից ու քանակից մինչև կայքին կցված ծրագրային հավելվածների (պլագիններ, գրադարաններ և այլն) ծավալն ու քանակը:
5. Mobile friendly
Mobile friendly հասկացությունը կայքի՝ տարբեր չափերի սարքերին (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) ադապտացված լինելն է, ինչը նպաստում է որոնողական համակարգերում կայքի ակտիվության վրա: Ադապտացված և UX դիզայնը մեծ ազդեցություն ունեն կայքի՝ SERP-ում հայտնվելու հավանականության վրա: Օգտվողի պահանջներին հարմարեցված կայքն ապահովում է ավելի շատ դիտումներ և այցելություններ, միաժամանակ լավ հնարավորություն է օգտվողին կրկին կայք վերադարձնելու համար: Այս ցուցանիշը կարելի է ստուգել Google-ի Mobile Friendly test-ի միջոցով: